21 մարտի 2011 - 12:59 AMT
Թեղուտի պաշտպանության խումբը կոչ է անում կառավարությանը արմատական քայլեր ձեռնարկել անտառների ոչնչացումն արգելելու ուղղությամբ

Մարտի 21-ը անտառների պաշտպանության միջազգային օրն է: Միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակներում նպատակ է դրել մինչև 2012թ. Երկիր մոլորակի ցամաքային շերտի 33%-ը դարձնել անտառածածկ: ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և իրականացվում են միջազգային համաձայնագրեր` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» կոնվենցիան ու «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Չնայած համաշխարհային այս գործընթացներին և այն հանգամանքին, որ Հայաստանը վավերացրել է վերը նշված կոնվենցիաները, վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այս մասին ասվում է Թեղուտի պաշտպանության խմբի հայտարարության մեջ: Ինչպես ասվում է հայտարարությքան մեջ, Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ: Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը և առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը:

«Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից և ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված:

Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր արգելելու անտառների ոչնչացումը: Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: