22 մարտի 2011 - 17:56 AMT
Անդրանիկ Նիկողոսյան. Հայաստանը միակն է տարածաշրջանում վերականգնում ռուսական հուշահամալիրներն ու եկեղեցիները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծ աջակցություն են ցուցաբերում 1827թ. Օշականի ճակատամարտում Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին: Այդ մասին այսօր Օշական կատարած այցելության ընթացքում հայտարարել է վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ համալիրի բարեկարգումն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ:

Նիկողոսյանը նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ջերմորեն է ընդունել այդ գաղափարը: «Հարկ է ընդգծել, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը վերականգնում է ռուսական հուշահամալիրներն ու եկեղեցիները: Մեր գլխավոր նպատակն է առավելագույնս աջակցել հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- հայտարարել է նա, ասվում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվել է Ռուսաստանին:

1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծավալվել գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ջոկատի եւ պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջեւ: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զորքի առաջխաղացումը, նախահարձակ եղավ Էջմիածնի ուղղությամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայություն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տվեց: 1833-1834թթ., ի հիշատակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների, կառուցվել էր հուշահամալիր, որը մեր օրերում գտնվում էր անբարեկարգ ու լքյալ վիճակում:

Նշենք, որ սա «Պատվի գործ» կազմակերպության` երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված երկրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում գտնվող XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների Պատվո Բլուր գերեզմանատան վերականգնումն էր: Օշականի համալիրը մարմնավորում է ռուս զինվորների անձնուրաց հերոսությունը հայոց հողի վրա: Այն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից է: Վերականգնման բոլոր աշխատանքները կավարտվեն ապրիլին, իսկ բացումը տեղի կունենա նույն ամսին սպասվող հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում: