23 մարտի 2011 - 14:44 AMT
ՀԲ. Հայաստանում ձվի, կաթի և հացի գներն ավելի բարձր են, քան հարևան երկրներում

Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է բացահայտի գների բարձրացման հիմքում ընկած հիմնական պատճառները, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել մրցակցության մակարդակով: Երևանում մարտի 23-ին նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին` մեկնաբանելով կառավարության որոշումն առաջին անհրաժեշտության ապրանքների գների 30 տոկոսից ավելի բարձրացման դեպքում դրանց գինն ինքնուրույն որոշելու մասին: «Հայաստանում գների կարգավորումը կարճաժամկետ շրջանում կարող է զսպել դրանց աճը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է կրել բացասական ազդեցություն»,- ասել է նա:

Ժան Միշել Հափին հաղորդել է, որ ՀԲ-ն հետազոտություններ է անցկացրել գների բարձրացման պատճառը բացահայտելու նպատակով, որի արդյունքում պարզ է դարձել, որ ամսական կտրվածքով գների 30 տոկոս բարձրացում նկատվում է միայն փոքրաթիվ ապրանքների համար: Մասնավորապես, Հայաստանում ձվի, կաթի և հացի գներն ավելի բարձր են, քան հարևան երկրներում, իսկ ահա շաքարավազի գինը Հայաստանում ավելի ցածր է:

Հափին չի բացառել կառավարության կողմից լրացուցիչ մեխանիզմների օգտագործման հնարավորությունը, որոնք ուղղվելու են տեղական շուկայում արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: