23 մարտի 2011 - 19:55 AMT
Հայկական ընդդիմությունը շարունակում է պնդել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում

Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժեց հայկական ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, մարտի 21-ին Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանն ու Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ապրիլի 8-ին` 16:00-ից մինչև 23:00 Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաք և երթ անցկացնելու մասին իրազեկում ներկայացրեցին Երևանի քաղաքապետարան: Սակայն ընդդիմությանը մերժեցին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում: Քաղաքապետարանն իր մերժումը հիմնավորել է այդ օրերին հրապարակում այլ միջոցառումների անցկացմամբ: Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվում է հանրահավաքն իրազեկման մեջ նշված օրն ու ժամին անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում: