23 մարտի 2011 - 21:47 AMT
ԿԱՐԾԻՔ
Անգամ միջնորդների հնարավոր փոփոխման դեպքում իրավիճակը ղարաբաղյան գործընթացում չի փոխվի

Վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվորեն փորձում է ապացուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անիմաստությունը` Բաքվի փորձագետների շուրթերով հայտարարելով, որ միջնորդները միայն գործունեության պատրանք են ստեղծում` իրականում ոչ մի օգուտ չբերելով ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացին: Ըստ ամենայնի, նման հայտարարությունները միջնորդության ձևաչափը փոփոխելու` Բաքվի վաղեմի ցանկության տրամաբանական շարունակությունն են: Այսօր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Rouz-Rout» 76-րդ սեմինարի ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չպետք է անմասն մնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: «Անշուշտ, ՆԱՏՕ ռազմաքաղաքական կազմակերպությունը չի կարող անմասն մնալ»,- ասել է նա:

Համապատասխանաբար Ադրբեջանը բանակցությունների ձևաչափի փոփոխման հետ որոշակի հույսեր է կապում կշեռքի նժարն իր կողմ ձգելու վերաբերյալ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հույսերին վիճակված չէ իրականանալ ոչ միայն այն պատճառով, որ Ղարաբաղով զբաղվող տերություններն ու կազմակերպությունները մտադիր չեն փոխել բանակցությունների ձևաչափը, այլև այն պատճառով, որ ցանկացած միջնորդներ, լինի դա ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն կամ ցանկացած այլ կազմակերպություն, առաջին հերթին ղեկավարվելու են միջազգային իրավունքով, այսինքն` հիմնարար սկզբունքներով` ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Համապատասխանաբար, միջնորդների փոփոխությունից իրավիճակը ղարաբաղյան գործընթացում չի փոխվի: