24 մարտի 2011 - 13:30 AMT
Աղետի գոտում կխստացվի շինարարական աշխատանքների կատարման որակի վերահսկողությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ ծանոթացել է Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի նորակառույցների բնակարանային պայմաններին:

Ինչպես լրագրողներին է հայտարարել «Գլենդեյլ հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը, այս տարվա ծրագրով նախատեսվում է 38 բնակելի շենքերի կառուցում աղետի գոտում, որոնցից 33-ը «Մուշ-2» թաղամասում, իսկ մնացածը՝ «Անիում»: Բնակարանների ընդհանուր թիվը 1756 է, որոնցից 212-ը «Անի» թաղամասում: Ըստ նրա, շինարարությունը կավարտվի սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի»,-ասել է նա:

Բացի այդ, շինարարության երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է 386 առանձնատուն կառուցել Լոռիի մարզում, երրորդ փուլում, որը կավարտվի 2012թ. նախատեսվում է 1500 առանձնատուն կառուցել Լոռու 24 գյուղական համայնքներում:

Անդրադառնալով շինարարական աշխատանքների որակին՝ Վահե Ալմոյանը նշել է, որ փոքր թերություններ միշտ էլ առաջանում են գործընթացի ժամանակ՝ ընդգծելով, որ ներքին վերահսկողությունից բացի, այժմ իրականացվում է եռաստիճան վերահսկողություն՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ու տեխնիկական վերահսկողության կազմակերպության կողմից, Գյումրիի քաղաքապետարանի և մարզային ղեկավարության հետ համատեղ: