24 մարտի 2011 - 14:18 AMT
Կիրո Մանոյան. Հայկական կողմը չի գնա Արցախի անվտանգության հաշվին դիպուկահարների միակողմանի հեռացման

Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում հայկական կողմը չի կարող միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի առաջարկը, որը Երևանում առաջարկել է հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, Կիրո Մանոյանն ասել է, որ այդ առաջարկն անհասկանալի է և անընդունելի հայկական կողմի համար:

«Հայաստանը չի գնա Արցախի անվտանգության հաշվին դիպուկահարներին միակողմանի կարգով հեռացնելուն: Դա ուղղակի անընդունելի է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիպուկահարներին հրաժարվում է հեռացնել հենց Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը և Արցախը»,- ասել է նա:

Եթե հայկական կողմը միակողմանի կարգով դուրս բերեր դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ապա այդ քայլը Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման լավ օրինակ կծառայեր: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: «Մենք առաջարկել ենք հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, բայց դա, ավելի շուտ, զգացմունքային առաջարկ է»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ դիպուկահարներին հեռացնելու մասին ասել է ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ Հայաստանին: