24 մարտի 2011 - 14:48 AMT
Ապրիլին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն կայցելի Հայաստան

Մարտի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին `հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որն հիմնված է երկու հարեւան ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վրաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ, ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե պետությունների ղեկավարների, թե վարչապետների եւ թե ԱԳ նախարարների մակարդակով:

Նախարար Նալբանդյանը ողջունեց նաեւ հաջորդ ամիս նախատեսված իր վրացի գործըկներոջ՝ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: