24 մարտի 2011 - 15:18 AMT
ՀՀ ԱԺ-ն ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին 70 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայնով ընդունել է կոալիցիոն խմբակցությունների կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Պատգամավորները 50 «դեմ», 16 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով մերժել են ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված փաթեթը ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԸՕ բարեփոխումների օրենսդրական առաջարկներով հանդես են եկել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները և կոալիցիոն պատգամավորները: ՀՀ կառավարությունը երկու առաջարկն էլ համարել է այլընտրանքային: Օրենքի համաձայն, ՀՀ ԱԺ հավանությանն արժանացած օրինագիծը հիմք կհանդիսանա հետագա աշխատանքի համար:

Ավելի վաղ, ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ ԸՕ-ում օրենսդրական փոփոխությունների համահեղինակ Դավիթ Հարությունյանը նշել է, որ օրինագիծն ուղարկվել է Վենետիկյան հանձնաժողով, որը խոստացել է ապրիլի կեսերին ներկայացնել վերջնական փորձագիտական եզրակացություն: