24 մարտի 2011 - 16:15 AMT
Կարեն Գևորգյան. Առանց արտահանման ծավալների աճի Հայաստանի տնտեսության դինամիկ աճն անհնար է

«Առանց արտահանման ծավալների աճի անհնար է ապահովել Հայաստանի տնտեսության դինամիկ աճ»,- մարտի 24-ին արտահանման առաջին ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Կարեն Գևորգյանը: Նրա խոսքերով, այդ ոլորտում շատ խնդիրներ կան, մասնավորապես, արտաքին շուկաների մատչելիությունը և դրանց գերբեռնվածությունը, լոգիստիկան, տեղափոխությունը: Գևորգյանի խոսքերով, հայ արտահանողների համար խնդիրներից մեկը միասնական տեղեկատվական բազայի բացակայությունն է, ուստի «այդ ուղեցույցը յուրահատուկ պատուհան կհանդիսանա, որը կօպտիմալացնի արտահանման ողջ գործընթացը»: Նա հաղորդել է, որ արտահանման ուղեցույցը բոլոր ցանկացողների համար մատչելի կլինի տպագիր և էլեկտրոնային տարբերակով, իսկ հայ ձեռնարկատերերը կարող են այն անվճար ստանալ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում:

Ուղեցույցը մշակվել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ նախաձեռնությամբ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Նյութը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության և երկրում առկա գործարարության փորձի հիման վրա` ներառելով արտահանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ:

Իր հերթին, AEPLAC ղեկավար Ալեքսեյ Սեկարևը նշել է, որ ուղեցույցը թույլ կտա հայ ձեռնարկատերերին դուրս գալ արտաքին շուկաներ և մեծ շահույթ ստանալ: