24 մարտի 2011 - 20:32 AMT
Բակո Սահակյանի մոտ քննարկվել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես է եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները և դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ և ավարտին հասցնել պետական այս ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման և իրականացման հետ կապված հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: