25 մարտի 2011 - 12:09 AMT
Հայաստանում կստեղծվի Հայ-իտալական առևտրի պալատ

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես է եկել երկկողմանի Առևտրի պալատ ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին մարտի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին «Իտալիա-Հայաստան. համագործակցության ծրագրեր» համաժողովի բացման ժամանակ: «Մենք մշակել ենք և ցանկանում ենք ներկայացնել ծրագիր, որի շնորհիվ ստեղծվելու է կառույց, որն աջակցելու է հայկական և իտալական ձեռնարկությունների միջև կապերի հաստատմանը և ամրապնդմանը»,- ասել է նա:

Դեսպանի խոսքերով, ստեղծվելու է երկկողմանի Առևտրի պալատ, որը կոչվելու է «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցիացիա», որը գրանցվելու է Հայաստանում և գործելու հայկական օրենսդրության համաձայն, բայց հետագայում պետք է ճանաչվի Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության կողմից: Սկապինին նշել է, որ բացառված չէ, որ ապագայում ասոցիացիան դրամական միջոցներ է ստանալու իր աշխատանքի համար:

Նրա խոսքերով, ասոցիացիայի մասնակիցներ լինելու են այն հայ և իատալացի ձեռնարկատերերը, ովքեր շահագրգռված են երկկողմանի առևտրի զարգացման մեջ, զբաղվում են առևտրի տեխնոլոգիաներով, կահույքով, հագուստով, «սակայն մեր խնդիրը ներդրումներին նպաստելն է»: Այդ կազմակերպության կանոնադրությունն ընդունվելու է մինչև 2011-ի առաջին կիսամյակի վերջ: Սկապինիի խոսքերով, համաժողովի նպատակն է պահպանել այն բարի ավանդույթները, որոնք ունի դեսպանատունը, մասնավորապես, հանդիպումներ Հայաստանի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: «Հանդիպման նպատակն է ոչ միայն միմյանց ներկայացնել հայ և իտալացի ձեռնարկատերերին, այլ նաև զրուցել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել համագործակցությունը երկու երկրների գործարարների միջև»,- ասել է դեսպանը: