25 մարտի 2011 - 14:59 AMT
Երևանի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները` կապված Ռուսաստան-Հայաստան խաղի հետ

Երևանի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները` կապված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի հետ, որը կայանալու է մարտի 26-ին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևան քաղաքի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Նրա խոսքերով, հայ և ռուս երկրպագուներն անցնելու են սթափության ստուգում մարզադաշտ մտնելուց առաջ: «Քանի որ ռուս երկրպագուներն աչքի են ընկնում հատուկ ակտիվությամբ, Երևանի ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցներ, որպիսիք չեն եղել նույնիսկ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ: Մենք չենք ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց թույլ չենք տա, որպեսզի խաղը վերածվի անկարգության»,- ասել է նա և հավելել, որ Հայաստան են գալու շուրջ 1.5 հազար ռուս երկրպագուներ: Նազարյանը նաև հաղորդել է, որ Հայաստանի ոստիկանությունը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ:

2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի B խմբի Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է մարտի 26-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: