ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է սատարել աուտիզմով հիվանդ երեխաների զարգացման միջազգային կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է սատարել աուտիզմով հիվանդ երեխաների զարգացման միջազգային կենտրոնին

PanARMENIAN.Net - Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան են: 2008 թվականից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում կենտրոնին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եվ թանկարժեք գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է ինտենսիվ անհատականացված` մեկ թերապևտ-մեկ երեխա հարաբերությամբ ուսուցում: Այս նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ կատարել է մոտ 49 միլիոն դրամի ներդրում, ինչի արդյունքում երեխաները կենտրոն են հաճախում` առանց որևէ վճարի:

Ռալֆ Յիրիկյանը յուրաքանչյուր երեխայի նվիրեց Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» hրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 գրքերը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Կենտրոնի աշխատակազմի և այնտեղ հաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն հաճախելու շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսևորվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաև ինքնասպասարկման և սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում են երեխաների վարքում և նրանց մտավոր ունակություններում գրանցված դրական փոփոխությունները: Ավելին, կենտրոնի սաներից երկուսը հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները խոսում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության մասին:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որը ախտահարում է ուղեղի տարբեր հատվածներ: Աուտիզմով տառապող և մեծահասակաները, և երեխաները սովորաբար վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: Աուտիզմը չորս անգամ ավելի հաճախ արձանագրվում է տղաների մոտ: Հստակ վիճակագրական տվյալներ Հայաստանում աուտիզմով հիվանդների մասին չկա: Բայց միայն այս կենտրոնի և դրա սաների գոյությունն արդեն ցույց է տալիս, որ այս խնդիրը մեզ չի շրջանցել:

«Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու և խաղալու հնարավորություն և դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, ձեռք ձեռքի տված, միասին պայքարելով մենք կունենանք դրական արդյունք և առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն: Մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործում»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---