26 մարտի 2011 - 13:03 AMT
Երևանի ու Կրասնոդարի քաղաքապետները ներկայացրել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրենց փորձը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Կրասնոդարի քաղաքապետարանի պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կրասնոդարի փոխքաղաքապետ Վիկտոր Բոնդարը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը։

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Կարեն Կարապետյանն իր հերթին առանձնացրել է այն գերակայությունները, որոնք այսօր առաջնային են Երևանի համար և ընդգծել, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած առաջավոր փորձի փոխանակման առումով. «Արդյունավետ կառավարումը հաջողության հասնելու գրավականն է»,– նշել է Երևանի քաղաքապետը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կոնկրետ ծրագրեր քննարկել տարբեր ոլորտներում` համագործակցության և փորձի փոխանակման ուղղությամբ։