28 մարտի 2011 - 13:38 AMT
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն միացել է Մեծամորի ԱԷԿ-ով «անհանգստացողների» թվին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության առիթով: «Հայկական ԱԷԿ դրության մասին տեղեկությունները «խիստ անհանգստություն են հարուցում»: Ինչպես պարզվեց, Հայկական ԱԷԿ-ում ողբալի վիճակ է տիրում, և այնտեղ չկա անվտանգության ոչ մի երաշխիք, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանին»,- ասել է նա, գրում է վրացական «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթը:

Նախկին նախագահը կարծում է, որ նման պայմաններում Վրաստանի իշխանություններն ուղղակի պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ և ամեն ինչ անել հնարավոր ողբերգությունից խուսափելու համար:

Մեծամորի ԱԷԿ-ը, որն իր աշխատանքը սկսել է 1976-ին, գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում Երևանից մոտավորապես 30 կմ դեպի արևմուտք: 1988-ի Սիպտակի ավերիչ երկրաշարժից հետո հայկական իշխանությունները որոշեցին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, 1993-ին կայանը վերագործարկվեց: