29 մարտի 2011 - 14:42 AMT
Իրանցի զբոսաշրջիկները ոչ միայն զվարճանում են, այլ նաև դրամ են վաստակում Երևանի փողոցներում

Մարտի 28-ի երեկոյան Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աֆիշների մոտ անցորդների ուշադրությունն են գրավել պարսկուհի երեք զբոսաշրջիկները, որոնք զբաղվում էին դրամահավաքությամբ` երաժշտության միջոցով: Նրանք նվագում էին պարսկական ազգային մեղեդիներ լարային գործիքներով և դափով: Փողոցային երաժիշտները շրջապատված էին բազմաթիվ պարսիկ զբոսաշրջիկներով, ովքեր հազար դրամանոց թղթադրամներ էին դնում գործիքի բաց տուփի մեջ և ծափահարում: Գործընթացին միջամտեց ոստիկանությունը և համերգը դադարեցվեց: Ականատեսների վկայությամբ «համերգը» տևել է մոտ կես ժամ և հետո կասեցվել ոստիկանության միջամտությամբ: