29 մարտի 2011 - 15:38 AMT
Հայաստանի խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ նախագահի Ղարաբաղ այցելելու մտադրությունը զարմանք է առաջացրել

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն կայցելի Լեռնային Ղարաբաղ: «Մեզ այդ մասին ոչ մի բան հայտնի չէ»,-ասել են մամլո ծառայությունում:

Իր հերթին ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Պետրոս Էֆտիմիուն Երևան է ժամանելու մայիսի 10-ին՝ մեկ օրով: «Ոչ մի տեղեկություն չկա, թե նա մտադիր է այցելել նաև ԼՂՀ և, երկրորդը, մեկ օրում ամեն ինչ հասցնելն անհնար է»,-ասել է Սաֆարյանը:

Էֆտիմիուն մայիսի 10-ին կլինի Հայաստանում, մայիսի 12-13-ին՝ Ադրբեջանում, մայիսի 14-ին՝ Վրաստանում: