29 մարտի 2011 - 16:45 AMT
Սերգեյ Լավրով. Լիբիայում ռազմական գործողության մասնակիցները պետք է հաշվետու լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Լիբիայում ռազմական գործողության մասնակից երկրները պետք է հաշվետու լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Անվտանգության խորհուրդն է ընդունել 1973 բանաձևը, նա է արտոնել ուժի կիրառումը բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով: Եվ այն երկրները, որոնք կատարում են 1973 բանաձևը, պետք է հաշվետու լինեն ՄԱԿ-ի ԱԽ-ին, ոչ թե այլ ժամանակավոր հիմքի վրա ստեղծված կառույցների առջև»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը: