Մարտունու բնակիչներն այլևս ստիպված չեն լինի Ստեփանակերտ գնալ բուժօգնություն ստանալու համար

Մարտունու բնակիչներն այլևս ստիպված չեն լինի Ստեփանակերտ գնալ բուժօգնություն ստանալու համար

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում: Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցվում է Արցախի Մարտունու շրջկենտրոնի հիվանդանոցը: Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

«Մարտունու հիվանդանոցի կառուցումը, վստահ եմ, մեր կողմից իրականացված այլ ծրագրերի հետ միասին մեծ կարեորություն կունենա շրջանի վերականգնման եւ համալիր զարգացման համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հին հիվանդանոցը ներկայումս գործում է խարխլված շենքում եւ զուրկ է անգամ առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններից: Հիվանդանոցի խնդիրների մասին խոսելիս` բուժհաստատության գործադիր տնօրեն Գրիգորի Գասպարյանը հայտնեց, որ տարրական պայմանների բացակայության պատճառով հիվանդներից շատերը բուժզննման ու բուժման նպատակով ավելի քան 60 կմ ճանապարհ են կտրում, որ հասնեն Ստեփանակերտ: «Բուժսարքավորումների եւ կադրերի պակասն էլ որ լրացնենք, մեր հիվանդներին կկարողանանք լիարժեք սպասարկել տեղում»,- հույս հայտնեց տնօրենը: Նրա խոսքով` ներկայումս հիվանդանոցում կա փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի, օտոլարինգոլոգի (քիթ-կոկորդ-ականջ) եւ նյարդաբանի կարիք:

Նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան: Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել:

Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանի ներկայացմամբ` նյուրորքահայ համայնքը մեծապես կարեւորում է Հայաստանում ու Արցախում առողջապահության զարգացումը: Բնակչությանը լիարժեք սպասարկելու նպատակով հիվանդանոցին կտրամադրվի ժամանակակից բուժտեխնիկա, իսկ բուժանձնակազմի եւ տնօրինության համար համապատասխանաբար կկազմակերպվեն վերապատրաստման եւ կառավարման դասընթացներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---