30 մարտի 2011 - 10:49 AMT
Ապրիլի 1-10 Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահի մուտքը կլինի անվճար

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսի փակումը 2011 թ. ապրիլի 10-ին: Ցուցահանդեսի ավարտին նախորդող տաս օրվա ընթացքում` ապրիլի 1-10-ը, «Արծիվ» սրահի մուտքը կլինի անվճար, հաղորդում է Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի ծառայությունը:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. սեպտեմբերի 11-ին չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ: «Քաղաքի ուրվագծերը» քանդակները չեխ զույգի` Ստանիսլավ Լիբենսկի (1921-2002 թթ.), Յարոսլավա Բրիխտովա (1924 թ.), արձագանքն են 1988թ. ավերիչ երկրաշարժին, որը հազարավոր կյանքեր խլեց: Քանդակները պատկերում են մարդկային տառապանքի ողբերգությունը:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով ակնառու երևում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը և նրանց կողմից ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան վերաիմաստավորեցին ապակու կիրառումը` ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս համար` որպես գեղարվեստական արտահայտչամիջոցի:

Ցուցահանդեսը ևս մեկ վկայություն է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հոգևոր կապի մասին: