30 մարտի 2011 - 11:21 AMT
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ ոքի արձանագրեց Քաթարի հավաքականի հետ ընկերական խաղում՝ 1:1

Մարտի 29-ին Դոհայի «Ջասիմ բին Համադ» մարզադաշտում, որը 17 հազար հանդիսատես է տեղավորում, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Քաթարի հավաքականի հետ: Քաթարցիները հաշիվը բացեցին արդեն 4-րդ րոպեին, գնդակը Սերգեյ Ռիժիկովի դարպասն ուղարկեց Մոհամեդ Քասոլան: Ռուսներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել 34-րդ րոպեին. Անդրեյ Արշավինի ճշգրիտ փոխանցումից հետո գոլը հարվածեց Ռոման Պավլյուչենկոն: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան:

Դիկ Ադվոկատի թիմն իր չորրորդ խաղում վերջապես կարողացավ գոլ խփել, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթել:

Այդ օրը ընկերական հանդիպումներ անցկացրեցին նաև Եվրոպայի առաջնության B նախընտրական խմբում Հայաստանի հավաքականի մյուս մրցակիցները: Սլովակիան ընդունեց Դանիայի հավաքականին և 1:2 հաշվով զիջեց:

Իռլանդիան իր ուժերը չափեց Ուրուգվայի հավաքականի հետ և նույնպես պարտություն կրեց 2:3 հաշվով: