30 մարտի 2011 - 16:05 AMT
Մայիսին Երևանում միջազգային համաժողովի մասնակիցները կքննարկեն անօթևան փախստականների խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Փոխվարչապետը հյուրերին մանրամասներ ներկայացրեց մայիսին Երեւանում նախատեսվող միջազգային համաժողովի մասին, որը նվիրված է փախստականների անօթեւանության խնդիրներին: Համաժողովի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը` հիմնախնդրի լուծման ուղղությամբ ծրագրերի իրականացման առումով: Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ, եւ արդեն ստացվել է նրա համաձայնությունը:

Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ խնդրի լուծման ուղղությամբ մինչ այժմ ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները: Նշվեց, որ դեռ 2004թ-ին ՀՀ կառավարության հաստատած ծրագրով խնդիր էր դրվել լուծել 3470 առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության հարցը: Այդ նպատակի համար 2005թ-ից պետբյուջեից գումարներ են հատկացվել, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով վերջին երկու տարիներին գումարներ չեն նախատեսվել: Հաշվառված ընտանիքներից ներկայումս հանրապետությունում առկա է մոտ 1200 առավել կարիքավոր ընտանիք, որոնցից ավելի քան 800-ը` միայն Երեւանում: Բացի հաշվառվածներից կան նաեւ ցուցակում չընդգրկված ընտանիքներ: Հիմնախնդրի ամբողջական լուծման համար լրացուցիչ ջանքերի եւ հնարավորությունների ներդրման անհրաժեշտություն կա, եւ համաժողովից այդ հարցում աջակցություն է ակնկալվում, ասվում է տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության մեջ: Միաժամանակ` կառավարությունը նաեւ մի շարք ծրագրեր է իրականացնում փախստականներով բանակեցված համայնքների ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ուղղությամբ:

Համաժողովի կազմակերպման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից ներկաներին փոխանցվեցին նրանց երկրների կառավարություններին եւ կազմակերպությունների ղեկավարությանն ուղղված մասնակցության հրավերները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների, միջազգային մարդասիրական եւ ֆինանսական կազմակերպությունների, համահայկական կառույցների, ինչպես նաեւ տեղական գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: