30 մարտի 2011 - 18:51 AMT
Վերջին երեք տարում Արցախ է տեղափոխվել 440 ընտանիք, որոնցից 130-ը` միայն անցյալ տարի

Արցախ Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մասնակցությամբ մարտի 30-ին հրավիրվեց սոցապնախարարության կոլեգիայի նիստ, որտեղ ներկայացվեց գերատեսչության 2010 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ողջունելով նիստին ներկա պաշտոնատար անձանց և սոցապահովության ոլորտի պատասխանատուներին` կառավարության ղեկավարը ճիշտ և դրական համարեց առաջին անգամ կիրառվող նման ձևաչափով տարվա կատարվածի ամփոփումը:

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ըստ ոլորտների ներկայացրեց հաշվետու տարում կատարված աշխատանքները: Նշվել է, որ ժողովրդագրական ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում արձանագրվել են դրական մի շարք ցուցանիշներ: Միգրացիոն քաղաքականության հիմնական նպատակը մարդկանց ներհոսքի խթանումն է: Սոցապնախարարը շեշտել է, որ միայն պետական բյուջեի միջոցները բավարար չեն այս ոլորտի խնդիրների լուծման համար: Այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվում են, ինչի արդյունքում վերջին երեք տարվա ընթացքում հանրապետություն է տեղափոխվել ավելի քան 440 ընտանիք, որից 130-ը` միայն անցած տարի: Վարչապետը անդրադարձավ, որ վերջին տարիներին վերաբնակեցման ոլորտում արված փոփոխությունները արձանագրում են թեկուզև դանդաղ, սակայն դրական տեղաշարժեր: Օրինակ, անցած 7 ամիսներին միայն Քաշաթաղի շրջանում վերաբնակվել է մոտ 300 ընտանիք: Նշվեց, որ շարունակվելու են հայրենադարձության ծրագրերը: