31 մարտի 2011 - 10:59 AMT
Դոնի Ռոստովում հայոց արքա Տիգրան Մեծի մասին ներկայացում կցուցադրվի

Ապրիլի 10-ին Դոնի Ռոստովի Գորկու անվան Դրամատիկական թատրոնում կկայանա «Տիգրան Մեծ» ներկայացման պրեմիերան, բեմադրողը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Սոռոկինն է: Ներկայացման գործող անձինք են Միհրդատը (Պոնտոսի արքան), Տիգրան Մեծը (Հայաստանի արքան) և Կլեոպատրան, որը Տիգրան կինն ու Միհրդատի դուստրն էր (չշփոթել եգիպտական թագուհու հետ):

Համարձակվելով բեմի լեզվով թարգմանել Արա Գևորգյանի «Տիգրան Մեծ» պատմական դրաման` Ռոստովի թատրոնը որոշել է ժամանակակիցներին պատմել երկուհազարամյա վաղեմության ողբերգության մասին, հաղորդում է Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի կայքը:

Հայոց արքա Տիգրան II Մեծն իշխել է մեր թվարկությունից առաջ 95-55 թվականներին և համարվում է հայոց հողերի միավորողը: Պատմաբանները միաձայն նշում են, որ իր հրամանատարական տաղանդով նա մի շարքում էր իր նշանավոր ժամանակակիցներ Հուլիոս Կեսարի և Միհրդատ Եվպատորի հետ, իսկ ոգու զորությամբ գերազանցում էր նրանց: