Հայ ուսանողները մասնակցում են Ֆրանսիայում անցնող «Արկտիկական հետազոտություններ» ծրագրին

PanARMENIAN.Net - 2010թ.-ի հոկտեմբերի 1-ից Ֆրանսիայի Վերսալի Սուրբ Քվենտին համալսարանում (Université de Versailles Saint-Quentin-en-Yvelines) անցկացվում է «Արկտիկական հետազոտություններ» ծրագիրը: Այն սկսվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրահանգով և ֆրանսիացի հայտնի մշակութային մարդաբան, աշխարհագրագետ, ֆիզիկոս և գրող Ժան Մալորիի նախաձեռնությամբ, ինչի արդյունքում վերոնշյալ համալսարանում 5 տարով ստեղծվել է մագիստրատուրայի համապատասխան միջազգային խումբ: Ընդգրկվել են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից` Ֆրանսիա, Ռուսաստան, Գրենլանդիա, Ֆինլանդիա` ընդհանուր առմամբ տարբեր մասնագիտություններ ներկայացնող 19 ուսանող` մարդաբաններ, բանասերներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և լրագրողներ: Ի ուրախություն մեզ, մեր ֆրանսահայ հայրենակից Ալեն Սարգսյանի ջանքերով Հայաստանը նույնպես մասնակցում է ի դեմս Երևանի պետական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների լրագրության ֆակուլտետների ուսանողուհիներ Աննա Աղվանյանի և Հասմիկ Փայտյանի:

Ծրագրի առաջին ամիսներին անցկացվեցին տեսական դասընթացներ Արկտիկայի մարդաբանության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունների, մթնոլորտային և կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի, դեպի Արկտիկա ճանապարհորդությունները նկարագրող գրականության շուրջ, ինչպես նաև դասընթացներին ներկայացվել են Ֆրանսիայի պատմությունը, մշակույթը և լեզուն: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են բազմաբնույթ կոնֆերանսներ, որտեղ թե Ֆրանսիայի, թե այլ երկրի հայտնի գիտնականներ ներկայացրել են Արկտիկայի հետ կապված իրենց վերջին հետազոտությունները, նկարագրել Արկտիկական տարբեր երկրներ կատարած իրենց գիտարշավներն ու դրանց արդյունքները: Ամբողջ խմբի համար կազմակերպվել է շրջագայություն դեպի Կոպենհագեն` Դանիայի տեխնիկական և Կոպենհագենի համալսարաններ, խմբին ծանոթացրել են Արկտիկայի խնդիրների ոլորտում վերջիններիս հետազոտություններին և ձեռքբերումներին: Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է իր երկիրը, պատմությունն ու մշակույթը: Առանձնակի հետաքրքրությամբ է ընդունվել մեր ուսանողների կողմից ներկայացված Հայաստանի մասին պատմող դասընթացը: Մյուս ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական երաժշտական գործիքների նկատմամբ` դուդուկ, շվի, որոնց կենդանի կատարում է ապահովվել, ինչպես նաև մեծ հաճույքով համտեսել են հայկական խոհանոցի ուտեստները: Արդյունքում շատերն են ցանկություն հայտնել այցելել Հայաստան: Ներկայումա ուսանողներից յուրաքանչյուրը գործնական աշխատանք է իրականացնում իր ոլորտում, որոշ ուսանողներ դա անցկացնում են արկտիկական երկրներում: Մեր ուսանողները պրակտիկա են անցնում` թղթակցելով Փարիզի ԱյբՖՄ հայկական ռադիոյում և «Նոր Յառաջ» թերթում և շուտով` «Արկտիկական հետազոտություններ» մասնագիտությամբ դիպլոմներ ստանալուց հետո, վերադառնալու են հայրենիք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---