1 ապրիլի 2011 - 09:28 AMT
Ստեփան Սաֆարյան. Հայ ազգային կոնգրեսը պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և բացառի դրանք

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) «Ժառանգության» հետ համագործակցելու համար պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և վերանայի իր քաղաքական վերաբերմունքը կուսակցության նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի խոսքերը ՀԱԿ կողմից իր ռազմավարության փոփոխման դեպքում նրա հետ «Ժառանգության» միության հնարավորության մասին: «Ես չէի ասի փոխել ռազմավարությունը կամ մարտավարությունը: Ավելի կարևոր է վերանայել և բացառել անցյալի սխալները»,- հայտնել է Սաֆարյանը` ընդգծելով, որ Կարինե Հակոբյանն ազատ է իր անձնական կարծիքն ու հայացքները ներկայացնելու հարցում: Ընդ որում, նա նշել է, որ ՀԱԿ պահանջներում շատ հարցեր համընկնում են «Ժառանգության» հարցերի օրակարգի հետ, սակայն կա քաղաքական վերաբերմունքի վերանայման և անցյալի սխալներից դասեր քաղելու հարցը:

Սաֆարյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ն ինքն է հայտարարել, որ առանց այլ քաղաքական ուժերի չի կարողանա իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, և որ շատ քաղաքական ուժեր իրենց քաղաքական մոտեցումն են հայտնել այդ միավորման նկատմամբ` չմիավորվելով: «Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է, որ ՀԱԿ-ը մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ հերքեց հասարակության լայն խավերի միավորման մասին պահանջը, հետևաբար ՀԱԿ-ը կարող է հայտարարել, որ իշխանափոխության հարցը դուրս է եկել օրակարգից, քանի որ իրենք չեն կարողանա այն իրագործել միայնակ կամ էլ մտածել իր դիրքերի վերանայման մասին: