1 ապրիլի 2011 - 13:56 AMT
Ռիչարդ Մորնինգսթար. ԱՄՆ-ն անում է ամեն հնարավոր բան Nabucco նախագծի իրագործման համար

Nabucco գազատրանսպորտային նախագիծը պարտադիր պետք է կյանքի կոչվի, և ԱՄՆ-ն ամեն կերպ կաջակցի դրան: Այդ մասին Թուրք-Ամերիկյան գործարար խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է Եվրասիական տարածաշրջանում էներգետիկայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:

Մորնինգսթարի խոսքով, Թուրքիան կենսական նշանակություն ունի «Հարավային էներգետիկ միջանցքի» նախագծերի իրականացման համար: Ամերիկյան դիվանագետը նշել է նաև ապագա Nabucco-ի համար Հյուսիսային Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունների կարևորությունը: Ընդ որում, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն հնարավոր բան այս նախագծի իրագործման համար, հաղորդում է INFOline-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: