1 ապրիլի 2011 - 16:34 AMT
Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Քուվեյթի մասնագետներին ուսումնասիրել Մատենադարանի արաբատառ ձեռագրերը

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 23-26-ը Քուվեյթում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը Քուվեյթ էր մեկնել Պետության Նավթի և միևնույն ժամանակ տեղեկատվության նախարար Շեյխ Ահմեդ Աբդալլահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հրավերով: Նախարար Հասմիկ Պողոսյանը այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ նաև Քուվեյթի մշակույթի, արվեստի և տեղեկատվության ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի, գլխավոր քարտուղար Ալի Հուսսեյն Ալ-Յուհայի, երկրի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրենի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-քուվեյթական մշակութային համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղղությունները, մշակութային հեռուստաալիքների համագործակցության, համատեղ հրատարակչական ծրագրերի իրականացման, կինոոլորտի խնդիրները:

ՀՀ մշակույթի նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու քուվեյթյան կինոնախագծերի իրագործմանը, առաջարկելով գործընկերոջը հունիսին մասնագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան, մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ծանոթանալու հայկական մշակույթին, հատկապես կինոոլորտին, ապա նաև նախանշելու հետագա ծրագրերն ու անելիքները: ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացնելով ներկաներին Մատենադարանում պահպանվող արևելյան ձեռագրերի հավաքածուի մասին, որտեղ կան ավելի քան 1500 արաբատառ ձեռագրեր, առաջարկեց համագործակցել նաև այդ ձեռագրերի ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ուղղությամբ: ՔՊ տեղեկատվության նախարարը, որպես ձևավորված հարաբերությունների շարունակություն, ցանկություն հայտնեց Քուվեյթի մշակույթի օրեր անցկացնել նաև Հայաստանում:

Կողմերը կարևորելով նոր գործնական ծրագրի ստորագրումը, Հանդիպման ավարտին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև մշակութային համաձայնագրի 2011-2012-2013 թվականների իրագործման մասին» Գործնական ծրագիրը:

Նույն օրը Քուվեյթի արվեստի թանգարանում բացվեց հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, ուր ներկայացված էին հայ տասնմեկ նկարիչների շուրջ երեսուն աշխատանքներ: Մեծ հետաքրքրությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից նաև վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը, որը նվիրվեց Քուվեյթի հայկական ազգային վարժարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Քուվեյթի ԱԳՆ, տեղական իշխանությունների, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, օրերի ընթացքում հանդիպումներ կայացան նաև Քուվեյթի հայ համայնքի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքի կողմից կազմակերպվող «Հայ ավանդական մշակույթ» /Պատմական Հայաստանի յոթ գավառներ/ ազգագրական ցուցահանդեսը Հայաստանում ներկայացնելու և վիրտուալ թանգարան հիմնելու վերաբերյալ:

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցությանն ուղղված հաջորդ քայլը նախատեսվում է 2011թ. հունիսին, երբ Քուվեյթի նավթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելի Հայաստան: