2 ապրիլի 2011 - 14:39 AMT
Այսօր հայտնի հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: 1915-ին` Ցեղասպանության ընթացքում կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան: Մի քանի տարի անց վերադարձել է հայրենի Երզնկա, բայց չի գտել ոչ մի հայ ընտանիք...

Այնուհետև տեղափոխվել է Եվրոպական երկրներ, ԱՄՆ, ապա Շվեյցարիա և Գերմանիա` ուսում ստանալու, ինչպես նաև Թալաաթին գտնելու նպատակով: 1921 թվականի մարտին նրան գտել է Բեռլինում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձել նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալաաթին, դուրս է իջել տնից և ատրճանակի մի կրակոցով սպանել ոճրագործին:

Սպանության մեղադրանքով Թեհլերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անմեղ է ճանաչել: Մինչև 1945 թվականը Թեհլերյանը բնակվել է Բելգիայում, ապա մեկնել է Սան Ֆրանցիսկո, ուր և մահացել է 1960-ին: