4 ապրիլի 2011 - 14:17 AMT
Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում գազի նոր սակագին սահմանել Հայաստանի համար

Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում գազի նոր սակագին սահմանել Հայաստանի համար: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում, հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով հաղորդագրությունները ռուսական գազի սակագնի բարձրացման մասին: «Ռուսական գազի սակագնի հարցը առանցքային թեմաներից էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների ժամանակ: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ոչ մի փոփոխություն չի անդրադառնա Հայաստանի համար գազի սակագնի վրա»,-ասել է նախարարը:

Իր հերթին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարայնը հայտարարել է, որ եթե «ՀայՌուսԳազարդ» ընկերությունն ու ռուսական «Գազպրոմը» պայմանագիր կնքեն, որով նախատեսվում է փոխել գազի սակագինը Հայաստանի համար, ապա այդ պայմանագիրն անպայման պետք է ներկայացվի հանձնաժողովին: «Սակայն, նման պայմանագիր չի ներկայացվել և Հայաստանն այժմ ռուսական գազի դիմաց սահմանին վճարում է 180 դոլար հազար խմ-ի համար»,-ասել է Նազարյանը:

Ավելի վաղ, ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքները գազի սակագնի շուրջ, հայտարարել էր. «2011թ. գազի սակագները հայ սպառողի համար չեն բարձրանա: Մենք գոհ ենք հանդիպման արդյունքներից»: «Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքվող գազի սակագնի վերաբերյալ: 2011թ. Հայաստանի սպառողների համար գազը չի թանկանա: Ավելին, սոցիալապես անապահով շերտերի համար գազի գինը նույնիսկ կնվազի: Հայաստանի նախագահը կարգադրել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,-ասել է Ա.Արզումանյանը: