5 ապրիլի 2011 - 10:57 AMT
Աշխատանքներ են տարվում հայ-ուկրաինական պատմության դասագրքի ստեղծման ուղղությամբ

Ուկրաինայում սկսվել է հայ-ուկրաինական պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նորարարական տեխնոլոգիաների և կրթության բովանդակության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ուդոդը: «Ես անձամբ զրուցել եմ Հայաստանի կրթության նախարարության ղեկավարության հետ հայ-ուկրաինական ուսումնական համատեղ ձեռնարկի թեմայով: 2011-ի մարտի 17-ին Դուշանբեում կայացել է հանդիպում ԱՊՀ Հումանիտար համագործակցության հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Ես ներկայացնում էի Ուկրաինան, ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանից, որոնք աշխատում են կրթության նախարարությունում: Արդեն կան մի քանի առաջարկներ հայկական կողմից հանձնաժողովի կազմի վերաբերյալ, մեր կողմից կազմն արդեն ձևավորված է: Կարծում եմ, որ ապագայում մենք համաձայնություն կստորագրենք երկու ինստիտուտների համագործակցության մասին` Նորարարական տեխնոլոգիաների և կրթության բովանդակության ինստիտուտի և Հայաստանի Կրթության ազգային ինստիտուտի, այդ համաձայնագրի կետերից մեկը կլինի համատեղ հանձնաժողովի ստեղծումը պատմության հարցերը համաձայնեցնելու համար: Մենք գիտենք մեր անցյալը, հարգում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք երկխոսություն վարել նրանց հետ` առանց էթնիկական ֆոբիաների և քսենոֆոբիական տրամադրությունների նոր սերունդ ձևավորելու համար»,- նշել է նա, գրում է Analitika.at.ua-ն: