5 ապրիլի 2011 - 13:03 AMT
Շևքեթ Շայդուլինը մեծ ներուժ է տեսնում Հայաստանում երկաթուղային զբոսաշրջության զարգացման ոլորտում

«ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն` որպես ազգային մասշտաբի ընկերություն, պատրաստ է իր ավանդն ունենալ զբոսաշրջության զարգացման ոլորտում, իր ուղևոր-զբոսաշրջիկների համար Հայաստան ժամանելը և նրա տեսարժան վայրեր այցելելը դարձնել առավելագույնս հարմարավետ ու հաճելի: Այդ մասին livejournal-ի իր էջում գրել է ընկերության տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Հայաստանը տարեց տարի հեշտացնում է զբոսաշրջիկների համար երկիր մուտք գործելու կարգը: Զբոսաշրջիկները կարող են մուտքի արտոնագիր ստանալ ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, այլ նաև էլեկտրոնային տեսքով օնլայն ռեժիմով: Ավելին, նախատեսվում է հենց տեղում բավական հեշտացված կարգով մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն:

«Ոլորտի զարգացումը և նոր զբոսաշրջիկների ներգրավումը Հայաստան նոր խնդիրներ է դնում նաև ազգային երկաթուղային ընկերության առաջ: Երկաթուղային տրանսպորտում իրականացվում են բարեփոխումներ, ներմուծվում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են երկաթուղային տոմսերի ամրագրումն օնլայն ռեժիմով»,- գրում է գլխավոր տնօրենը: Նա պատրաստ է համագործակցել իրավասու պետական մարմինների և զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների հետ այդ ոլորտի, ինչպես նաև երկաթուղային զբոսաշրջության զարգացման համար: «Համոզված եմ, որ այդ ոլորտը մեծ հեռանկարներ ունի և կաջակցի Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը»,- գրել է Շայդուլինը: