5 ապրիլի 2011 - 17:47 AMT
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի սպայական անձնակազմի համար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: