6 ապրիլի 2011 - 14:10 AMT
Աշոտ Օսիպյանը կարծում է, որ ՀՀ առևտրային բանկերը կսկսեն ավելի շատ հետաքրքրվել գյուղատնտեսությամբ

Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը կարծում է, որ գյուղատնտեսության սուբսիդավորման վերաբերյալ կառավարության ծրագիրն արդյունավետ կլինի: «Շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ, քանի որ վարկերը կտրամադրվեն ցածր տոկոսադրույքներով և դրամով»,- ասել է ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել է Հայաստանի տնտեսական հարցերը լուսաբանող լրագրողների ակումբի կողմից: Նրա խոսքերով, կառավարական ծրագիրը նոր մշակույթ կմտցնի, կբարձրանա բանկերի հետաքրքրությունը գյուղատնտեսության ոլորտում վարկավորման նկատմամբ:

Հայաստանի կառավարության որոշման համաձայն, գյուղատնտեսության ոլորտում տրամադրվելու են արտոնյալ վարկեր 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Այդ նպատակով արդեն հատկացվել է 200 մլն դրամ: Վարկերը տրամադրվելու են դրամով: Վարկերը տրամադրվելու են երկու տարով մինչև 3 մլն դրամ նվազագույնը 6 ամիս մարման ժամկետով:

Աշոտ Օսիպյանը, մեկնաբանելով գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունը գործընթացը ձգձգելու մասին, որի համաձայն բանկերը պետք է արտոնյալ վարկերի տրամադրումը սկսեին ապրիլի 1-ից, ասել է, որ բանկերի և գյուղնախարարության միջև բանակցությունները չեն ավարտվել:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դրա հետ կապված հայտարարել է, որ անընդունելի է, որ տնտեսության ոլորտներից մեկը վարկավորվում է այդքան ցածր տոկոսադրույքներով: