6 ապրիլի 2011 - 16:17 AMT
Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյան. «Տաշիրի» ղեկավարը կոպիտ սխալ թույլ տվեց` աստղերին բնակարաններ նվիրելով

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոպիտ սխալ է թույլ տվել` հայկական էստրադայի աստղերին «Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ նվիրելով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Նրա խոսքերով, եթե Կարապետյանը միայն մեքենաներ նվիրեր, ապա հասարակության արձագանքն այդքան կտրուկ չէր լինի:

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանում փոփ-արտը և փոփ-շոուն միշտ պահանջված են եղել: «Ես դա սխալ եմ համարում, բայց այլ կերպ չի լինում, և դրա հետ պետք է հաշտվել»,- նշել է Գրիգորյանը:

Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-ին «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: