7 ապրիլի 2011 - 11:12 AMT
«Բարսելոնան» գրեթե ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը «Բարսելոնան» դե-ֆակտո լուծեց Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպման արդեն առաջին խաղակեսում:

Խաղը սկսվեց Դոնեցկի մարզիկների սուր հարձակումով, երբ Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո աջ թևից մեծ արագությամբ տուգանային դաշտ խուժեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, սակայն պաշտպանի հետ պայքարում զիջեց: Արդյունքում արդեն երկրորդ րոպեին ուկրաինացիները ստիպված եղան սկսել դաշտի կենտրոնից: Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անդրես Ինյեստան:

Բաց թողնելով արագ գոլը` «Շախտյորի» ֆուտբոլիստները շարունակում էին իրենց ֆուտբոլը խաղալ: Սակայն կամ վրիպեցին հարձակվողները, կամ էլ տեղում էր Վիկտոր Վալդեսը: Արդյունքում կապտանռնագույնները «Շախտյորի» դարպասը հինգ գնդակ ուղարկեցին` սեփական դարպասն ընդունելով միայն մեկը: «Բարսայից» աչքի ընկան Ալվեշը, Պիկեն, Քեյթան և Խավին: Ուկրաինայի թիմի միակ գոլն իր հաշվին գրանցեց Ռակիցկին:

Այդ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Դոնեցկում` «Դոնբաս Արենա» մարզադաշտում: