7 ապրիլի 2011 - 14:54 AMT
Գյուղատնտեսությունը Հայաստանում կունենա շտապ օգնության իր համակարգը

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ Գծապատկերի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» և հեռախոսահամարը` (10) 54-19-68։ Գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվում են գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշմամբ, ըստ էության, գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվության ծառայություն մատուցել գյուղացիներին։ Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենեք ԳԱՄԿ-ներ« որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, և որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանք պարտավոր են հասնել գյուղացուն« օգնության կարիք առաջանալու դեպքում խորհրդատվություն տրամադրել։ Կառավարության այս որոշումով նաև հնարավորություն է ստեղծվելու փոխադարձ կապ ապահովել, նախարարությունն էլ կկարողանա պատշաճ ձևով վերահսկել ամեն օր մատուցվող ծառայությունների ծավալը։ Նաև մենք հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել և հասկանալ« թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին, հայտնում է կառավարության մամալ ծառայությունը։

Այնուհետև վարչապետը հավելել է, որ մի քանի օր է, ինչ առևտրային բանկերն սկսել են գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով։ Բացի այդ, նրանք 6 ամիս էլ հնարավորություն են ունենալու օգտվել արտոնյալ պայմաններից` ո՛չ տոկոսը, ո՛չ էլ մայր գումարը չսպասարկել։ Ընդ որում, 200-ից ավելի համայնքներում սուբսիդավորումը լինելու է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկերը հասանելի են լինելու 8 տոկոսով։ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով պարզաբանումներ տալ, թե գյուղացիներն ինչպես կարող են օգտվել այդ վարկերից, որպեսզի բոլորին հասկանալի լինեն պայմանները, ժամկետները, սպասարկման ձևերը և այն բանկերը, որոնք այդ ծառայությունները մատուցում են։