Արցախի որոշակի շրջանակների բավականին նյարդայնեցնում են երիտասարդների նախաձեռնությունները

Արցախի որոշակի շրջանակների բավականին նյարդայնեցնում են երիտասարդների նախաձեռնությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախում առաջին անգամ ֆլեշմոբ էր տեղի ունեցել: Չնայած ֆլեշմոբը նվիրված էր ընթերցանությանը և Երևանի` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու փաստին, սակայն այս իրադարձությունը լրջորեն անհանգստացրել է որոշ շրջանակների: Նախ ֆլեշմոբի անցկացմանը փորձել է խանգարել ոստիկանությունը: ՊՊԾ դասակի ոստիկանները մոտեցել են հրապարակում նստած և ընթերցող ֆլեշմոբի մասնակիցներին ու պահանջել վեր կենալ և տեղափոխվել` պատճառաբանելով, որ հասարակական կարգ են խախտում: Թե ո՞րն է կոչվում հասարակական կարգի խախտում, ոստիկանները ոչ մի կերպ բացատրել չեն կարողացել: Այս մասին տեղեկանում ենք ֆլեշմոբի մասնակիցներից unform14 բլոգերի գրառումից:

Սակայն իրադարձությունները սրանով չեն վերջանում: Արցախի հանրային հեռուստատեսության երիտասարդական «Սթարթ ափ» հաղորդման ստեղծագործական խումբը, որը լուսաբանում է երիտասարդական կյանքը, հատկապես սոցիալական ցանցերում, բլոգերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, հետևում էր ֆլեշմոբին` երեքշաբթի օրվա հաղորդումը դրան նվիրելու համար:

Ապրիլի 5-ին, երեքշաբթի, թեև Հանրայինի եթերում հայտարարվեց «Սթարթ ափ» հաղորդման մասին, սակայն այն եթեր չհեռարձակվեց և փոխարինվեց մեկ այլ ծրագրի կրկնությամբ: Հանրային հեռուստատեսության մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ հեռուստատեսության ղեկավարությանը ֆլեշմոբի մասին պատմող նյութը ցուցադրել արգելել են նախագահականից: Վերջին շրջանում Արցախի որոշակի շրջանակներ բավական նյարդային են արձագանքում տարբեր երիտասարդական նախաձեռնություններին: Մասնավորապես, փետրվարի 28-ի սումգայիթյան զոհերի հիշատակի ոգեկոչման օրը մի խումբ ուսանողների նախաձեռնած երթը խիստ վրդովմունքով է ընդունվել Արցախի պետական համալսարանի ղեկավարության կողմից: Ռեկտոր Ստեփան Դադայանը հանդիմանել է ուսանողներին, իսկ ուսվարչության նախագահին սպառնացել հանել զբաղեցրած պաշտոնից` թեև դրա իրավասությունը չունի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---