8 ապրիլի 2011 - 11:17 AMT
Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) մտադիր է բազմապատկել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: ԱՀՀ Խորհրդի անդամ Էննի Տոտան և ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին քննարկել են ԱՄՆ հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի, դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Շելլի Բերքլիի և Մերիլենդից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսի հետ:

Կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության տրամադրման հետ կապված հարցեր:

Ինչպես հայտարարել է Էննի Տոտան, ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի հովանու ներքո տեղի կունենա Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառում: