8 ապրիլի 2011 - 16:29 AMT
Երևանում բացվել է «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ամենախոշոր ութերորդ միջազգային մասնագիտացված «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսի բացմանը։

Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսը մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն իրականացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ջանքերի շնորհիվ։ Կառավարության ղեկավարի համոզմամբ, ցուցահանդեսը կնպաստի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացմանը, նոր գաղափարների առաջացմանը, ինչպես նաև նոր պայմանագրերի կնքմանը։ «Շինարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք։ Համոզված եմ` այս միջոցառումն իր լուման է ներդնելու ոլորտում զարգացումներ ապահովելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Պարսկաստանից ու մի շարք այլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներից, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։