Ավարտվեց հայկական ընդդիմության երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում, ամեն ինչ պարզ կդառնա ապրիլի 28-ին

Ավարտվեց հայկական ընդդիմության երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում, ամեն ինչ պարզ կդառնա ապրիլի 28-ին

PanARMENIAN.Net - Հայկական արմատական ընդդիմությանը երկրորդ անգամ թույլատրեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ապրիլի 8-ի ցույցի սցենարը բավական նման էր մարտի 17-ի դեպքերի զարգացմանը. ցույցը սկսեց Մատենադարանի շենքի մոտ, այնուհետև սահուն կերպով շարունակվեց Օպերայի հրապարակում: Այս անգամ հանրահավաքն Ազատության հրապարակում շարունակելու համար ՀԱԿ-ի և ոստիկանության միջև բանակցությունները երկար չտևեցին:

Հանրահավաքը Մատենադարանի մոտ

Երևանում` Մատենադարանի շենքի դիմաց, ժամը 18:00-ին սկսվեց հայկական արմատական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ցույցը սկսվեց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) նախագահ Արամ Մանուկյանի խոսքով: Դեռևս նախքան ցույցի մեկնարկը հաղորդվում էր, որ ցույցի անցկացման վայրից ոչ հեռու արդեն առաջին ընդհարումներն են գրանցվել ցուցարարների և ոստիկանության միջև:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և ուրիշներ: Երևանի ոստիկանության տվյալներով, Մատենադարանի շենքի դիմաց ցույցին 8500 մարդ է մասնակցել:

Հանրահավաքը սահուն կերպով տեղափոխվեց Ազատության հրապարակ

ՀԱԿ-ի ներկայացուցիչների ելույթներից հետո Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ցուցարարներին կոչ արեց խաղաղ շարժվել Ազատության հրապարակ, որը դեռևս հանրահավաքի մեկնարկից մեկ ժամ առաջ շրջափակվել էր ոստիկանության ջոկատներով:

Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանի հետ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի կարճատև բանակցություններից հետո ոստիկանները, ինչպես և մարտի 17-ին, ցուցարարներին թույլ տվեցին մտնել հրապարակ, և 19:40-ին ցուցարարներն արդեն հավաքվել էին Օպերայի շենքի մոտ:

ՀԱԿ-ի երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում

20:35-ին ընդդիմության հանրահավաքը վերսկսվեց Ազատության հրապարակում: Ելույթով հանդես եկավ ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտնեց, որ ոչ մի իշխանություն չի կարող ժողովրդից խլել նրա խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Տեր-Պետրոսյանը կրկին, ինչպես և մարտի 17-ի ցույցի ժամանակ, անդրադարձավ «քաղբանտարկյալներին ազատ արձակելու» խնդրին, Ազատության հրապարակում ցույցերի անցկացման վրա դրված արգելքը հանելու, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մանրամասներն անհապաղ բացահայտելու անհրաժեշտությանը:

Ապրիլի 28-ին պարզ կդառնա` վերջնագիր կամ երկխոսություն

Ավարտելով իր խոսքը` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 28-ին: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով` Կոնգրեսն առայժմ հակված չէ իշխանությունների հետ վերջնագրի լեզվով խոսել, սակայն ապրիլի 28-ը պետք է կա'մ իշխանությունների հետ երկխոսության սկիզբը դառնա, կա'մ վերջնական պառակտման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---