Վրաստանի հայերը երկրի նախագահին ու խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի հայերը երկրի նախագահին ու խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը երկրորդ տարին անընդմեջ Վրաստանի նախագահին և խորհրդարանին է դիմում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Վրաստանի հայերի համայնքները» կազմակերպության մամլո ծառայությունը, օրինագիծ նախաձեռնելու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի նախագահին, խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նախագահներին, ինչպես Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:

«Մենք` «Վրաստանի հայերի համայնքները» կազմակերպության ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների ձեզ կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ միջազգային հանրության նախաձեռնություններին և Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քննարկում կազմակերպել»,- ասվում է կազմակերպության ուղերձում:

Կազմակերպությունը նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին կոչ է արել նախքան ապրիլի 24-ը խորհրդարանի նստաշրջանում հանդես գալ հայտարարությամբ և խորհրդարանին կոչ անել հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ուղերձի նախաձեռնողը «Վրաստանի հայերի համայնքները» հասարակական կազմակերպությունն է: ՎՀՀ նախաձեռնությանը միացել են նաև «Վրաստանի Համագործակցության Հայկական Կենտրոն», «Վրաստանի Հայկական Ուսանողական Ասոցիացիա», «Վրաստանի Հայկական Պատանեկան Միություն», «Վրաստանի Հայկական Երիտասարդական Ասոցիացիա», «Վրաստանի Հայերի «Նոր սերունդ» Միություն» և «Թբիլիսիի Հայերի Ասամբլեա» հասարակական կազմակերպությունները, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---