Հայաստանի վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Քոչարի նկարի ցուցադրությանը

Հայաստանի վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Քոչարի նկարի ցուցադրությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեցին հայ անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի եռաչափ տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը: Եզակի այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երևանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քոչարի եռաչափ գեղանկարի ստեղծման պատմությանը և բովանդակությանը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության և քանդակի յուրատեսակ համադրությամբ պատկերված են Ադամը և Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի և լույսի ներդաշնակ միասնություն:

Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Նատյուրմորտ» կտավին: Մինչև մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար:

Երվանդ Քոչարը (1899-1979) եռաչափ գեղանկարչության հիմնադիրներից է: 1923-1936թթ. ապրել է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Sacre du Printepms և Van Leer ցուցասրահներում: Շագալի, Բրակի, Գրիսի, Կիրիկոյի, Պիկաբիայի, Պիկասոյի և այլ նկարիչների հետ 1929-ին մասնակցել է «Panorama de l'Art contemporain» ցուցահանդեսին: 1936-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ստեղծել է Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո այլևս չի մեկնել Փարիզ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---