Տեղի ունեցավ Էմմիի «Boom-Boom» երգի տեսահոլովակի պրեմիերան

Տեղի ունեցավ Էմմիի «Boom-Boom» երգի տեսահոլովակի պրեմիերան

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Օրանժի գրասենյակում ներկայացվեց Էմմիի «Boom-Boom» երգի տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: Տեսահոլովակը նկարահանվել է 5 օրում, մի մասը` Երևանյան ստուդիայում, իսկ մնացած հատվածը` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Տեսահոլովակում հանդես է գալիս աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Էմմին նաև պարում է, երբեմն էլ բռնցքամարտի շարժումներ անում: Տեսահոլովակը պատմում է սիրահար զույգի մասին, ովքեր իրար հետ ժամանակ են անցկացնում, ուրախանում, կռվում և հաշտվում: Այնտեղ առկա են նաև կոմիքսներ, որոնց հեղինակն է Գագիկ Բաբայանը (Վավա): «Եթե միացնենք բոքսը Էմմիի հետ, ապա կստացվի կոմիքս»,- կատակում է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը: Հ1 հեռուստաընկերության ներկայացուցիչ Լևոն Սիմոնյանն ասաց, որ Էմմիի ելույթի ժամանակ կլինեն բռնցքամարտի տեսարաններ, սակայն բացառեց Արթուր Աբրահամի ներկայությունը Եվրատեսիլում, քանի որ նա նույն օրը մենամարտ է ունենալու:

Մամլո ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ նաև ուղիղ կապ Էմմիի հետ, ով այս պահին գտնվում է Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, որտեղ մեծ համերգ-խնջույքի մասնակցելու նպատակով ամեն տարի ապրիլի 9-ին հավաքվում են մրցույթի բոլոր մասնակիցները:

Բեմադրության հեղինակը Եվրատեսիլում լինելու է Արմինե Զարյանը, ով ապրում է Հունաստանում և բազմիցս բեմադրել է Հունաստանի ներկայացուցիչների ելույթները:

Հայաստանն այս տարի ելույթ կունենա 4-րդ համարի ներքո, իսկ քվեարկությունը կսկսվի շոուի առաջին իսկ րոպեից:

Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։

Այս տարի Դյուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ 2011-ին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։ Մասնակից երկրներն արդեն ընտրել են իրենց երգիչ-երգչուհի ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ստացել է բոլոր մասնակիցների երգերը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---