11 ապրիլի 2011 - 11:00 AMT
Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը որակազրկումից հետո ծեծել է մրցավարին

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը Մագդեբուրգում (Գերմանիա): Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Խորեն Գևորը որակազրկվել է մենամարտի 10-րդ ռաունդում:

Մարտը մրցակցային էր, երկու բռնցքամարտիկներն էլ հաջող պահեր ունեին, բայց աշխարհի չեմպիոնն ավելի դիպուկ էր: Երրորդ ռաունդում Գևորի աջ աչքը պատռվել է Շտիգլիցի հերթական դիպուկ հարվածից հետո: 10-րդ ռաունդում կրքերը թեժացել են, բռնցքամարտիկները մարտի էին բռնվել թույլատրելիի եզրագծին: Այն բանից հետո, երբ մրցավար Մանֆրեդ Քյոխլերը Խորեն Գևորին զրկել է մեկ միավորից, նա սկսել է գրոհել և ազդանշանից հետո երկու բռնցքամարտիկները հայտնվել են հատակին: Պարզվել է, որ Շտիգլիցը աջ աչքի մոտ պատռվածք է ստացել: Մարտը դադարեցվել է 10-րդ ռաունդում և մրցավարը որակազրկել է Գևորին, հաղորդում է allboxing.ru-ն:

Բարկացած Գևորը մի քանի հարված է հասցրել Մանֆրեդ Քյոխլերին, որից հետո հեռացվել է ռինգից պահակախմբի օգնությամբ: