11 ապրիլի 2011 - 18:26 AMT
Իլհամ Ալիևը դժգոհ է ՄԱԿ-ից և բարձր է գնահատում ՌԴ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չորս բանաձև է ընդունել, և դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Երբ մենք տեսնում ենք, որ Լիբիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևերը սկսում են իրագործվել բառացիորեն դրանց ընդունումից մի քանի ժամ անց, իսկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը չեն իրագործվում արդեն 17-18 տարի, բնականաբար հարց է ծագում` ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառն այստեղ նման օպերատիվության, իսկ մեր դեպքում` նման պասիվության»,- ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, Ադրբեջանը միջնորդների, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի` որպես տարածաշրջանային երկրի ավելի ակտիվ մասնակցություն է ակնկալում` հաշվի առնելով այն ակտիվ դերը, որը խաղում է Ռուսաստանը վերջին ժամանակներս:

«Ցավոք, երկար տարիներ հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ, և մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս կհաջողվի առաջ շարժվել: Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի և անձամբ նախագահ Դմիտրի Մեդվեդևի դերը, որը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին օգնի հասնել կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ մի քանի եռակողմ հանդիպումներ են անցկացվել, որոնք մեծ կարևորություն ունեն և դրական արդյունք են տալիս»,- ասել է Ադրբեջանի նախագահը: