11 ապրիլի 2011 - 21:30 AMT
ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն խեղաթյուրում է Ղարաբաղում իրադրության մասին ԵԱՀԿ առաքելության զեկույցը

Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին: Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:

Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: