Սարգսյանը կարևոր է համարում Հայաստանի և Չինաստանի միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը

Սարգսյանը կարևոր է համարում Հայաստանի և Չինաստանի միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 12-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունների մասին. «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հայ-չինական հարաբերություններին, և Ձեր այցը, մեր համոզմամբ, կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Քաղաքական փոխհարաբերությունների մակարդակը բավական բարձր է, քաղաքական ոլորտում չկա չլուծված որևէ հարց, բայց տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում: Վերջին շրջանում որոշակի դրական միտում ենք նկատում այդ ուղղությամբ, ինչի վառ վկայությունն անցած տարի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումն էր»: Տիգրան Սարգսյանը կարևորել է հայ-չինական գործարար համաժողովի դերը փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման գործում:

Վարչապետը բարձր է գնահատել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի աշխատանքները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար:

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները: Խոսելով հայ-չինական գործակցության խորացման կարևորությունից` նա նշել է. «Մեր երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը բարձր մակարդակի վրա է, և քաղաքական երկխոսության այդ լավ հիմքերը պետք է օգտագործենք տնտեսության, կրթության, մշակույթի և գիտատեխնիկական ոլորտներում մեր փոխհարաբերություններն ընդլայնելու համար»:

Կողմերն անդրադարձել են հյուսիս-հարավ երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հնարավոր մասնակցության, բազալտի վերամշակման համատեղ գործարանի կառուցման, ինչպես նաև զբոսաշրջության ու հանքահումքային արդյունաբերության ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Որպես հեռանկարային ուղղություն` առանձնացվել է միջտարածաշրջանային գործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության բնագավառներում կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Խոսելով ուսանողների փոխանակման շարունակական ծրագրերից` Լի Չանչունը կարևորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը և հավելել, որ այս տարի Չինաստանի կառավարությունը 30 կրթաթոշակ է տրամադրել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, այդ թվում` Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներին: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում ընդգծվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության խորացումը:

Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը և իր ողջույնները փոխանցել Չինաստանի իր պաշտոնակցին: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շյանը: Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև, ինչպես նաև Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև: Առաջին հուշագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության և մամուլի ու հրատարակչության գլխավոր վարչության նախարար Լյու Բինձիեն, երկրորդը` Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---