Հայաստանում կբացվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ախտորոշիչ կենտրոն

Հայաստանում կբացվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ախտորոշիչ կենտրոն

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայից ժամանած Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերի հետ: Դոկտոր Հաբերերը Հայաստանում է գտնվելու ապրիլի 12-ից -16-ը` Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի (ԱԳԼ) Միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի հանդիպման շրջանակներում: Այցի նպատակն է հայաստանյան գործընկերների` ֆիզիկայի և առողջապահության ոլորտի մասնագետների հետ կիսել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը և կիրառությունը: Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդես եկավ «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժության մեջ» թեմայով ելույթով: Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան:

«Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի այցը Հայաստան կարևոր է մի քանի պատճառով: Նախ մենք նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցության հիմքեր ստեղծել` քաղցկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների և փորձի կիրառության համար: Նաև այսպիսի համագործակցությունների արդյունքում մենք Հայաստանում գրանցված որոշ հիվանդների կարող ենք ուղղորդել մեր արտասահմանյան գործընկերների կլինիկաներ` առավել առաջատար և Հայաստանում գոյություն չունեցող բուժման հնարավորություններից օգտվելու համար»,-ասաց Մրցունակության հիմնադրամի Առողջապահական ծրագրի տնօրեն Էդվարդ Սաֆարյանը: «Արդեն համաձայնություն է ձեռք բերվել բելգիական IBA ընկերության հետ, որի հիմնա վրա Հայաստանի կառավարությունը ցիկլոտրոն ձեռք կբերի, որը Հայաստանում կլինի 2012-13թթ.: Նաև միաժամանակ իր աշխատանքը կսկսի ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած կլինի արդիական սկաներներով՝ ուռուցքի օջախը հայտնաբերելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա հայտնաբերել ուռուցքը վաղ շրջանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---